Հունիսի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը գնացել է կառավարություն ու ելույթ ունեցել: Նա այնքան քիչ է գնում Հանրապետության հրապարակ հրապարակավ, որ ամեն այցը պատճառ ու հետևանք է ենթադրում: Պատճառը պայմանական է՝ հանդիպում նորանշանակ կառավարության հետ՝ Աժ-ում 2017-2022-ի ծրագրին հավանություն տալուց հետո: Պայմանական է նաև կառավարությանը նոր անվանելը, այդպես լիներ՝ ստացվում է՝ Սերժ Սարգսյանը գնացել է Դավիթ Հարությունյանին շնորհավորելու: Հետևանքներն էլ կերևան հետո: Շատ հետո: Եկող տարի:
Գուցե նա գնացել էր հենց դա՞ ասելու: Ոչ, շնորհավորել է նախարարների վերանշանակումը, որը գնահատել է «գործադիրի աշխատանքի շարունակականություն»՝ նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու հնարավորություն: Հիշեցրել է, որ Երևանի ավագանու ընտրություններով ավարտեցինք 2017-ի ընտրական շրջանը, իսկ կառավարության ծրագրի հաստատումը գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկն է: Ի՞նչ մեկնարկ, եթե կարևորվում էր շարունակականությունը: Հիմա շարունակվո՞ւմ է, թե՞ սկսվում: Կարևոր չէ՝ կարևոր է «շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում»: Պարզվում է՝ ցնցումների սպասում կա՞: Եվ՝ ումի՞ց: Փաստորեն՝ ոչ մեկից, որովհետև «ՀՅԴ մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը»: Դա էլ կարևոր չէ, կարևոր է, որ «Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»: Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր և ո՞վ:
Բացի սադրիչ լրագրողներից: Խորապես սադրիչ ու անհամբեր, որ ամեն օր ուզում են ստանալ ապրիլի կեսի պատասխանները: Եկող տարվա: Նրանց ամեն օր վերադաձնում են ներկա, նրանք ճախրում են ապագա: Բայց նրանք էլ կարևոր չեն: Կարևորը՝ ասվել է. «Ես՝ որպես ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս»: Ի՞նչ նախապաշարում: Այն էլ «շրջանակներում» ու անգամ «կառույցներից դուրս»: Համագործակցության: Նախապայման ունենալով քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Փաստորեն՝ շրջապատում անքաղաքավարիներ ու անբարեկիրթնե՞ր կան:
ՀՀ նախագահը օգտվել է իր սահմանադրական իրավունքից ու մասնակցել կառավարության նիստին և եթե գնացել է, պետք է ելույթ ունենար: Եթե պետք է ելույթ ունենար, ուրեմն թեմա էր պետք: Իսկ թեմա չկա: Որովհետև բազմիցս ասվել է՝ ինչ նա ասել է նախարարներին, ավելին՝ այն, ինչ ասվել է, չի էլ արվելու:
Օրինակ՝ «Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա»: Կամ՝ «Մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը»: Հաջողության համար նա պիտի գնար Աժ ու պատգամավորների հետ խոսեր անցումային շրջանի օրենսդրական փոփոխությունների մասին, որովհետև նվազագույնը կասկածելի է ու անարդյունավետ, որ կառավարությունը իր գործունեությունը կանոնակարգող օրինագծերն ինքն է գրում ու բերում ԱԺ, իսկ պատգամավորները հավեսով ընդունում են: Արդեն չասեմ կառավարության գործունեության թափանցիկության պահանջի մասին, որ պիտի լինի գործունեության կարևորագույն չափանիշ, աշխատաոճ, նոր քաղաքական մշակույթ ձևավորելու ընդհանուր ջանք: Այսինքն՝ մինչև հիմա չի եղել, եթե ջանք է պետք, որ ձևավորվի քաղաքական մշակույթը: Ո՞նց ենք ապրել: Փաստացի՝ նախագահը գնացել է կառավարություն, որ ասի՝ օր առաջ հրաժարական տվեք, կամավոր, որովհետև նախարարներին առաջադրել է չափից դուրս բարձր պահանջ՝ «Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը»:
Նախագահի նշած երկրորդ կարևոր ուղենիշը կոռուպցիայի և հովանավորչության վերացումն է, որի համար «պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար»: Սա նշանակում է, որ ողջ կոռուպցիան կենտրոնացած է պետական գնումների համակարգո՞ւմ: Վե՞րջ կոռուպցիային:
Երրորդ ուղենիշը՝ «Շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացակամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում»: Այսքան հակասական խոսքից հետո բնական է, որ չինացիներին էլ պետք է հիշեինք, այս անգամ ոչ մութ սենյակի սև կատվին, այլ՝ «Անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ»: Սերժ Սարգսյանը սրբագրել է չինացիներին՝ «Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր»: Բայց այնպես է սրբագրել, որ չի հասկացվում՝ անիծե՞լ, թե՞ օրհնել է կառավարությանը:
Գուցե նախագահի խոսքը պետք է միայն լսել, բայց չվերլուծել, լսել ու կատարել: Թեև այս դեպքում դա վարչապետի ու նախարարների գործն է, իսկ միջին վիճակագրական հայը կարող է իրեն թույլ տալ մի քիչ… մտածել: Քիչ: Հընթացս ընդամենը: ՈՒ այդ դեպքում կարող է նաև եզրակացնել.
1. Նախագահը նոր ասելիք չուներ, բայց գնաց կառավարություն, ուրեմն նրա խոսքը ուղղված է ոչ այնքան վարչապետին ու նախարարներին, որքան նրանց, ովքեր սեպեր ու խութեր են որոնում նախագահի ու վարչապետի հարաբերություններում, իսկ դա հիմա բոլորովին պետք չէ նախագահին: Նրան պետք են ներհամակարգային խաղաղություն ու հնազանդություն:
2. Նախագահը ընդամենն ասաց, որ «Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը», բայց չասաց, թե դեռ որքան է վայելելու և որքան են դեռ շարունակելու եռանդով աշխատել: Կամ՝ չցանկացավ նրանց տրամադրությունը փչացնել, կամ չցանկացավ՝ լրագրողների գործին խփել՝ ցրելով անորոշությունը, կամ ինքն էլ չի որոշել:
3. Նա հավատում է, որ «կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է» իր առաջադրած խնդիրները լուծել, բայց շեշտում է, որ «Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը»: Այսինքն՝ հավատում է ինքը, բայց վստահել է ժողովո՞ւրդը: ՈՒ՝ ի՞նչ:
4. Ոչինչ, վարչապետ Կարեն Կարապետյանը նրան հասկացել է՝ շնորհակալություն է հայտնել նախագահին ու հավաստիացրել, որ թիմի ձևավորած ծրագիրը գործադիրը իրագործելու է: «Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից, և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է»: Փաստորեն՝ վարչապետը իր պատասխանատվությունը տեղափոխել է հասարակության սպասումների դաշտ և հասկացել է, որ հեշտ չի լինելու: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե համը չհաներ այդ «սակայնը»՝ կամ վարչապետը չգիտի շաղկապների իմաստը, կամ նրա ասածի իմաստն է՝ հասկանում եմ, սակայն վճռական եմ տրամադրված, չեմ հանձնվելու՝ ծրագրերն իրագործելու եմ:
5. Նախագահը գնաց կառավարություն ասելու, որ ոչինչ չի ասելու, ու դա խիստ բնորոշ է նրա գործելակերպին ու նաև սպասելի: Բայց նա հաստատեց, որ կառավարությունն իրեն պետք է մինչև X պահը, ուրեմն թող բարի լինեն՝ աշխատել թափանցիկ, եռանդով ու իրեն չխանգարեն:
6. ԱԺ-ում էլ Կարեն Կարապետյանը հստակ չասաց, որ ինքն է վարչապետ լինելու 2018-ից հետո, ասաց՝ պատրաստ եմ, ասաց՝ ես համոզողներից չեմ: Նախագահը գնաց կառավարություն նրան պատասխանելու՝ ես էլ քեզ համոզողներից չեմ:
7. Ամառ է, շոգ է, բացահայտ ջերմաստիճանը 40 -ից բարձր է, ուլտրամանուշակագույն ճառագայթներն էլ իրենց կարգին չեն պահում, ճտերն աշնանն են հաշվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բայց մի հարց մնաց անհասկանալի՝ նախագահը թղթերը խառնե՞լ էր, թե՞ իսկապես նրա համար ելույթ գրողները գոնե մի անգամ չեն կարդում` ինչ են գրել, իսկ նա վստահում է ու միանգամից կարդում: